Հաշվետու համերգը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի հերոսներին
ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան քաղաքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում կայացած հաշվետու համերգը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի հերոսներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ողջ տարվա ընթացքում կատարված մեծածավալ աշխատանքը, գրանցված հաջողությունները ներկայացրել են տարբեր խմբերի ու դասարանների սաները` ի ցույց դնելով իրենց հմտություններն ու կարողությունները: «Համերգային ծրագիրը մեկնարկեց դպրոցի երգչախմբային կատարումներով, որին հաջորդեցին դաշնամուրով, ջութակով, դուդուկով, լարային եւ ազգային գործիքնեով կատարումները: Համերգային ծրագրի նյութերն ընտրված էին խնամքով, որոնք միաժամանակ հանրամատչելի էին եւ սիրված: Երաժշտական դպրոցի սաները, նրանց դասատուներն ու նվագակցողները ներկայացրին բարձրաճաշակ աշխատանք` հանդիսատեսին պարգևելով երաժշտաարվեստի հետ շփվելու մեծագույն հաճույքը: Համերգի ավարտից հետո դպրոցի երեք սաներին սպասում էր պարգեւատրման արարողակարգը: «Արտ Մյուզիք» արվեստի 12-րդ մրցույթ-փառատոնում «Շեփոր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել Արտյոմ Ավետիսյանը (դասատու` Գուրգեն Բաբայան, նվագակցող` Լուսինե Իսրայելյան): «Ֆլեյտա» անվանակարագում երրորդ կարգի մրցանակակիր է դարձել Իզաբելլա Հարությունյանը (դասատու՝ Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան): Երաժշտական դպրոցի ևս մեկ սան` Արթուր Օհանյանը, կրկին երրորդ կարգի մրցանակակիր է դարձել «Կլարնետ» անվանակարգում (դասատու՝ Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան): Երեք մրցանակակիրների հավաստագրերն ու մեդալները հանձնվեցին հասցեատերերին: Դպրոցի մանկավարժական, աշակերտական կոլեկտիվներին շնորհավորելով հերթական ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ` Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները ևս մեկ անգամ կարևորեցին այն մեծ աշխատանքը, որն իրականացվում է հաստատությունում` անկախ բոլոր դժվարություններից»,- նշեց Սեւանի համայքնապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան