«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Շիրակի մարզի ընտրողների հետ  

Armenpress 15:27, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» դաշինքի ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դաշինքի ներկայացուցիչները՝ ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գյումրիում հանդիպումներ են ունենում ընտրողների հետ:

Քարոզարշավի մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում մոմ են վառել և աղոթել Հայաստանի ու Արցախի խաղաղության, հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի և մեր գերիների շուտափույթ վերադարձի համար:

Մոմավառությունից հետո դաշինքի ներկայացուցիչներն այցելել են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն՝ ծաղկեպսակ տեղադրել և հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել մեր նահատակ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև, ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am