Պեսկովը նշել է Պուտինի ու Ջոնսոնի հանդիպման պայմանը

Armenpress 14:42, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպում չի պատրաստվում, բայց հնարավոր է, եթե գերակշռի հարաբերությունները վերականգնելու Լոնդոնի քաղաքական կամքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, նման հանդիպում չի պատրաստվում, բայց դա հնարավոր է: Հնարավոր է, եթե Լոնդոնում գերակշռի քաղաքական կամքը `վերականգնելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք բավականին խզվել են Լոնդոնի նախաձեռնությամբ», - ասել է Պեսկովը՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպումը հնարավոր է, եթե Մոսկվան «դադարեցնի իր չարամիտ գործողությունները»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am