Հայկ Չոբանյանը Բարսելոնայում մասնակցում է «GSMA շարժական աշխարհ» համաժողովին

Armenpress 20:16, 28 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը Բարսելոնայում մասնակցում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, համաժողովի շրջանակներում Հայկ Չոբանյանը մասնակցել է նաև նախարարական ամենամյա ծրագրի աշխատանքներին, որը բջջային կապի օպերատորների և կապի ոլորտը կարգավորող նախարարների ամենաներկայացուցչական  միջոցառումն է։

«Համաժողովի աշխատանքներին ներկա են աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հունիսի 28-ից  հուլիսի 1-ն անցկացվող համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր՝ կապված բջջային կապի ոլորտի զարգացման, բջջային լայնաշերտ կապի քաղաքականության, ոլորտի հատուկ կարգավորման հիմնախնդիրների, ներդրումների ներգրավման հնարավորությունների  շուրջ։

«GSMA» նախարարական տարեկան ծրագրի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ ոլորտի նորամուծությունների, դրանց կիրառման համար անհրաժեշտ պայմանների և մի շարք այլ հարցերի շուրջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am