Լոս Անջելեսում «Թումո» կենտրոն կբացվի

Armenpress 20:41, 1 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելես քաղաքի ու USC հայագիտական ինստիտուտի հետ համագործակցությամբ Հարավարևելյան Սան Ֆերնանդո հովտում կհիմնադրվի ԱՄՆ առաջին «Թումո» կենտրոնը։ Ծրագիրն իրականացնելու համար հատկացվելու է 9 միլիոն դոլար` այս մասին հայտնել է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Թումո» ստեղծարար տեղնոլոգիաների կենտրոնի հաղորդահցման բաժնից։ «Բացի այս, 1 միլիոն դոլար կտրամադրվի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտին, ևս 1 միլիոն դոլար՝ Lark Musical Society-ին, որն ապահովում է բարձրորակ դասական երաժշտական կրթություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Ես շատ հպարտ եմ, որ Կալիֆոռնիան աջակցում է այս երեք կազմակերպությունների առաքելությանը, որոնք շարունակաբար ապացուցում են իրենց ձգտումն ու արդյունավետությունը մեր երիտասարդներին կրթելու և նրանց ապագային միտված ներդրումներ կատարելու հարցում։ Լինի դա արվեստ, կրթություն, թե տեխնոլոգիա, այս երեք կազմակերպություններն էլ ցույց են տվել, որ օգնում են մեր ուսանողներին հաջողության հասնել ու զգալիորեն զարգացնում և ընդլայնում են երիտասարդ սերունդների կրթական, ինչպես նաև մասնագիտական փորձառությունը», - ասել է Անդրին Նազարյանը: Ըստ աղբյուրի՝ Սան Ֆերնանդոյի հովտում հիմնադրվող «Թումո» կենտրոնը կգործի անվճար հիմունքներով և բաց կլինի 12-18 տարեկան պատանիների համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am