Ստորագրվել է 2021-ին Հայաստանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցության պլանը

Armenpress 22:00, 15 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունում hուլիսի 15-ին անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի Պաշտպանական գլխավոր շտաբի Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար, բրիգադի գեներալ Դեյվիդ Մորպուրգոյի գլխավորած պատվիրակությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև  Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Որոշում է կայացվել, համավարակով պայմանավորված սահմանափակումներից անկախ, առողջապահական նորմերը պահպանելով վերսկսել նախորդ տարվանից ընդհատված համագործակցության միջոցառումների անցկացումը:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2021թ. Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանը, որով նախատեսվում է 2021թ. երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացնել 11 միջոցառումներ Հայաստանում և Իտալիայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը և ռազմաքաղաքական խորհրդակցությունների շարունակմանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am