Օլիմպիական խաղերի կարգախոսը համալրվել է նոր բառով

Armenpress 13:06, 20 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն համալրել է Խաղերի կարգախոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: ՄՕԿ-ի 138-րդ համաժողովի ընթացքում հայտարարվել է, որ «Ավելի բարձր, ավելի արագ, ավելի ուժեղ» (Citius, Altius, Fortius) կարգախոսին կավելացվի նաև «միասին» բառը:   

Օլիմպիական կարգախոսն առաջին անգամ օգտագործվել է 1924 թվականին կայացած Փարիզի Օլիմպիական խաղերում:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը պահպանել են իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Հայաստանն  Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգրեր են նվաճել 17 մարզիկներ` հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը  (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ  Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը,  լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am