ԱՄՆ դեսպանությունը ԵՊՀ-ում «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագիր կմեկնարկի

Armenpress 16:40, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների գծով «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ նոր մագիստրոսական ծրագրի մեկնարկի մասին։

Մինչև օգոստոսի 20-ը ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնն ընդունում է ընդունելության դիմումներ այս նոր երկամյա մագիստրոսական ծրագրի համար, որն իրականցվում է Արիզոնայի պետհամալսարանի հետ համագործակցությամբ և ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։ Դասերը կմեկնարկեն 2021թ․ սեպտեմբերից, լավագույն ուսանողների համար հնարավոր է ուսման վարձի մասնակի փոխհատուցում։ ԵՊՀ-ը մշակել է այս միջառարկայական ուսումնական ծրագիրը, որով կուսուցանվեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ ամերիկյան քաղաքական համակարգը, արտաքին քաղաքականությունը, պատմությունը, տնտեսությունը և հասարակությունը։ Բացի այդ, ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ ԵՊՀ դասախոսական կազմից 6 հոգի հնարավորություն կունեն 2021-22 ուստարվա ընթացքում վերապատրաստում անցնել Արիզոնայի պետական համալսարանում՝ իրականացնելով հետազոտական աշխատանքներ ու մասնակցելով ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների ծրագրի առարկայական պլանների մշակմանն ու հետագա կատարելագործմանը։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am