Տոկիո-2020. Բաչկովին չհաջողվեց իր ուժերը 100 տոկոսով օգտագործել. մարզիչ

Armenpress 10:59, 6 Օգոստոս, 2021

ՏՈԿԻՈ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի կարծիքով, Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ մենամարտի ընթացքում Հովհաննես Բաչկովին չհաջողվեց 100 տոկոսով օգտագործել իր ուժերը:

«Մենամարտի առաջին ռաունդում Բաչկովի մոտ չէր ստացվում. բռնցքամարտի լեզվով ասած՝ նա ուշանում էր:  Երկրորդ ռաունդում ճիշտ մենամարտ անցկացրեց` գտնելով իրեն: Իսկ երրորդ ռաունդում նրա մրցակիցը «փնթի» մենամարտ անցկացրեց: Բաչկովին չհաջողվեց իր ուժերը 100 տոկոսով օգտագործել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:

Ըստ Պետրոսյանի, ընդհանուր առմամբ, Բաչկովն Օլիմպիական խաղերում լավ մենամարտեր անցկացրեց: «Բռնցքամարտում վերջին օլիմպիական բրոնզն ունեցել էինք 2008 թվականին և ուրախ ենք այս արդյունքի համար: Շատ կցանկանայինք, որ մեդալի գույնը փոխվեր: Կորոնավիրուսը շատ մեծ ազդեցություն ունեցավ մեր մարզիկների վրա»,-ասաց նա:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որ արդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ: Տոկիոյի «Կոկգիկան» արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am