ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ- ն առաջադրեց Նարեկ Զեյնալյանին

Armenpress 20:14, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թեկնածուին և նրա կենսագրությունը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Լուսինե Բադալյանը:

Իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Զեյնալյանը նկատեց, որ նախորդ 2.5 տարիների ընթացքում առողջապահության ոլորտում զգալի աշխատանքներ են իրականացվել, սակայն վերջին տարիներին, կորոնավիրուսով, ինչպես նաև պատերազմով պայմանավորված, իրավիճակը բավականին լարված է եղել:

«Համավարակը մարտահրավեր էր ողջ աշխարհի համար: Անկախ առողջապահական համակարգի զարգացման աստիճանից՝ որևէ երկիր պատրաստ չէր համավարակին, նրա հետևանքներին դիմագրավելուն և պատշաճ հակազդելուն: Եվ շատ ավելի զարգացած, կայացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում համաճարակային իրավիճակն ավելի անբարենպաստ էր, քան Հայաստանում: Դժբախտաբար, ունեցանք նաև պատերազմ, և առողջապահական համակարգի համար բացվեց երկրորդ ճակատը: Վստահեցնում եմ՝ արվել է առավելագույնը, որպեսզի մեղմվի համավարակի ազդեցությունը, պատշաճ պայքար տարվի, առավելագույնը, որ վիրավոր զինվորները ստանան պատշաճ բուժօգնություն, ինչպես նաև պատշաճ կերպով սպասարկվի քաղաքացիական բնակչությունը»,- նշեց Զեյնալյանը:

Նա կոչ արեց քաղաքացիներին չտրվել հակապատվաստումային քարոզչությանը և պատվաստվել, քանի որ դա է համավարակի դեմ միակ արդյունավետ պայքարի ձևը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am