ՌԴ դեսպանն այցելել է Արմավիրի հատվածի հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքեր

Armenpress 20:36, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՌԴ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:

Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, այդ թվում ՝ Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցուն (X դար) և VI դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցուն։

Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի ծառայության վայր և հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալները ու դիրքերը:

Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող խնդիրներին և այն բանին, թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում ՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության սահմանները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am