Ավարտվեց «Քայլ դեպի տուն» 2021 ծրագիրը. 25 երկրներից 360 սփյուռքահայ պատանիներ ժամանել էին Հայաստան

Armenpress 11:21, 17 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 21-ից օգոստոսի 13-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հյուրընկալել էր 25 երկրներից ժամանած 13-18 տարեկան 360 սփյուռքահայ պատանիների՝ նպատակ ունենալով պահպանել և զարգացնել նրանց ազգային ինքնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են հանձնակատարի գրասենյակից, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ սփյուռքահայ երիտասարդները 14 օր շարունակ եղան հայրենիքում՝ սովորելով մայրենին, պատմությունը, հայկական երգն ու պարը, շրջելով և բացահայտելով ողջ Հայաստանը, տեղեկանալով հայրենիքում կրթական հնարավորություններին, ձեռք բերելով բազմաթիվ ընկերներ և նոր ծանոթություններ:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փակման արարողության ընթացքում վստահություն հայտնեց, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի մասնակիցների համար: Երիտասարդներն էլ կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

«Քայլ դեպի տուն» 2022-ի հայտադիմումները կընդունվեն արդեն 2022 թվականի առաջին եռամսյակում:

Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների  զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am