Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կմասնակցի InClassica 10-րդ միջազգային փառատոնին

Armenpress 14:31, 23 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 25-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մեկնում է Դուբայ:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցում են նվագախմբից, այնտեղ մասնակցելու են դասական երաժշտության InClassica 10-րդ միջազգային փառատոնին, որը մեկնարկել է օգոստոսի 15-ին և կտևի մինչև սեպտեմբերի 26-ը:

Փառատոնային 43 օրերի ընթացքում երաժշտական խոշորագույն իրադարձությանը կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող 38 կատարողներ, 8 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։

Մասնակիցների շարքում են «Գրեմմի» և Էվերի Ֆիշերի մրցանակների արժանացած ջութակահար Գիլ Շահամը, ՌԴ ժողովրդական արտիստ Դենիս Մացուևը, «Էմմի», ECHO Klassik մրցանակների դափնեկիր, օպերային երգչուհի Դանիել դե Նիզը, «Գրեմմի» մրցանակի արժանացած ջութակահար Մաքսիմ Վենգերովը և այլք:

Փառատոնին կմասնակցեն նաև Ռուսաստանի ազգային նվագախումբը, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռեյնլանդ-Պֆալցի Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և այլ հայտնի նվագախմբեր։ Կհնչեն բազմաթիվ պրեմիերաներ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

Փառատոնին զուգահեռ Դուբայում կանցկացվի դաշնամուրային մրցույթի եզրափակիչ փուլը։ Այն մեկնարկել է օգոստոսի 15-ին և կտևի մինչև սեպտեմբերի 3-ը։ Մրցույթին մասնակցում են տարբեր երկրներում նախընտրական փուլը հաղթահարած 14 դաշնակահարներ։

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև դասական երաժշտության մերձավորարևելյան ակադեմիայի (Middle EastClassical Music Academy) շնորհանդեսը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am