ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ

Armenpress 17:36, 28 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 28-ին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում մասնավորապես ասված է.

«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների և փրկարարների մահվան: Անկասկած, նրանց սխրանքը հերոսության և զինվորականի ծառայողական պարտականությանը հավատարմության արժանի օրինակ է»:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցության ու կարեկցանքի խոսքերն է փոխանցել զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Ղազախստանի եղբայրական ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am