ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն աջակցություն է տրամադրել շուրջ 10 հազար արցախցիների

Armenpress 14:13, 6 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը որոշում է կայացրել օգնություն տրամադրել այն կարիքավոր ընտանիքներին, որոնք 44-օրյա պատերազմի պատճառով տարհանվել են Արցախից և ապաստանել Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում և Երևանում։

«2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի մարտը ընկած ժամանակահատվածում բարեգործական ծրագրի շահառուներին տրամադրվել է անկողնային պարագաներ, հողաթափեր, վերարկուներ, ջեռուցիչներ, սանիտարահիգիենիկ պարագաներ և սննդի փաթեթներ»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին նշված է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի պաշտոնական կայքում:

Կլոր սեղան հիմնադրամը իրականացնում է նաև հոգևորականների և սոցիալական աշխատողների կարողությունների զարգացումը Արցախյան պատերազմից տուժած ընտանիքների սոցիալ- հոգեբանական աշխատանքի ուղղությամբ:

2020-2021թթ Արցախցիների ծրագրով աջակցություն է ստացել մոտ 10 000 մարդ:

Արցախցիների ծրագրով հիմնադրամի տրամադրած աջակցության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 400 միլիոն դրամ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am