Արդարադատության նախարարը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են իրավական փոխօգնության բնագավառում հարաբերությունների խորացումը

Armenpress 19:22, 6 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 6-ին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հնդկաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել 2018 թ-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության՝ մի շարք ոլորտներում նախաձեռնած հավակնոտ բարեփոխումներին, մասնավորապես, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության, քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունների ոլորտներում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են այդ ուղղություններով հնարավոր համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպություններում երկու պետությունների համագործակցությունը և կարևորվել է իրավական փոխօգնության բնագավառում երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am