Կամերային նվագախումբը կհնչեցնի Վիվալդիի հայտնի երկերը

Armenpress 10:57, 8 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-2022 թվականների համերգաշրջանի մեկնարկը կազդարարվի հագեցած համերգային ծրագրով, որի շրջանակում կհնչեն ականավոր կոմպոզիտոր Վիվալդիի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Մարիամ Ալոյանը, սոպրանո Հենրիետտա Հարությունովան:

Հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու Վիվալդիի Gloria, Nisi Dominus, Gelido In Ogni Vena, Սիմֆոնիա Սոլ մաժոր երկերը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am