Խաչվերաց․ Քրիստոսի հաղթական խաչի տոնը. «Արմենպրես» Փոդքաստ

Armenpress 17:00, 11 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի՝ սեպտեմբերի 12-ին, տոնում է տարվա հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Եվ այդ առիթով Արմենպրեսի տաղավարում իմ հյուրն է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը: 

Մենք կփորձենք մանրամասնել և մեկնաբանել, որն է Խաչվերացի տոնի խորհուրդը և բուն իմաստը: 

Խաչվերաց նշանակում է Խաչը վեր բարձրացնել ի տես քրիստոնյա աշխարհի: Այս տոնը Տիրոջ խաչափայտի հիշատակության, փառաբանման  տոնն է:  Հայ եկեղեցիներում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը.

«Խաչվերացի խորհուրդը խաչը գտնելու մեջ է, այս տոնը հաստատվեց խաչի երեք գյուտերի արդյունքում։ Խաչը կորցնում ենք անտարբերության, մեղքի և թշնամանքի, չարության պատճառով։ Իսկ գտնում ենք այդ ախտերը հաղթահարելու արդյունքում։

Տոնի հիմքում պատմական իրադարձություն է: 614 թվականին Պարսից Խոսրով թագավորը գրավում է Երուսաղեմը` գրեթե հիմնովին ավերելով այն: Պարսիկները նյութական և հոգևոր արժեքների հետ գերեվարում են նաև Տիրոջ Խաչափայտը և տանում Պարսկաստան: Տասնչորս տարի անց, Բյուզանդիայի Հերակլ կայսրը մեծ զորքով շարժվում է Պարսից երկիր` վերադարձնելու Փրկչի Խաչափայտը: Բյուզանդացիները խաչն ազատում են գերությունից և հանդիսավոր թափորով տանում Երուսաղեմ: Թափորն անցնում է նաև պատմական Հայաստանի Կարնո գավառով: Երեք տարի Պոլսում մնալուց հետո , կայսրն այն անձամբ Երուսաղեմ է տանում և ուսի վրա դրած բարձրացնում սուրբ Հարության տաճար` ի տես բոլոր քրիստոնյաների: Հենց այդ ժամանակից էլ մեծ հանդիսավորությամբ նշվում է Սուրբ Խաչի գերությունից վերադարձի ու բարձրացման տոնը: Խաչվերացը հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Ըստ Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան: Հայկական շատ եկեղեցիներ անվանակոչված են Սուրբ Խաչ անունով: Խաչվերացին տեղի են ունենում բազմաթիվ ուխտագնացություններ, հատկապես դեպի Սուրբ Խաչ անունով եկեղեցիներ: Խաչվերացի տոնին երեկոյան ժամերգությունից հետո մեր եկեղեցու ծիսակարգի համաձայն կատարվում է  Ս. Խաչի վեր բարձրացման հանդիսավոր արարողություն:  Կենաց փայտի մասունք պարունակող խաչը զարդարվում է ռեհանով և բազմերանգ ծաղիկներով: Կատարվում է անդաստանի արարողություն, քահանան  վարդաջուր է ցողում հավատացյալների վրա և խաչի նշանով օրհնում աշխարհի 4 ծագերը` Տիրոջից հայցելով խաղաղություն ու բարօրություն: Արարողության վերջում օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվում են հավատացյալներին՝ հոգու և մարմնի բժշկության համար: Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է»։

Տաթև Զաքարյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am