Արմեն Չարչյանը դժվարությամբ է խոսում. Արամ Վարդևանյան

Armenpress 14:25, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը դժվարությամբ է խոսում, օրգանիզմում ինսուլինի բարձր մակարդակը արդեն ծայրահեղ վիճակ է առաջացանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Փորձեցինք սահմանափակել նրա հետ հաղորդակցությունը, զուտ տեսանք՝ ինչ պայմաններում է, ինչպես է իրեն զգում։ Իր կամքը տեղն է, իհարկե, բայց նման պայմաններում մարդուն կալանավորված պահելը խոշտանգում է։ Դա մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,- նշեց նա:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am