ԱՀ նախագահ Հարությունյանը «Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենի հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերը

Armenpress 20:16, 15 Սեպտեմբեր, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու նոր նախագծերի հեռանկարները:

«Երկրի ղեկավարը չափազանց կարևոր է համարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախը հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն միտված գործունեությունը՝ շեշտելով, որ միայն ողջ հայության ջանքերի միավորման շնորհիվ է հնարավոր Արցախում ապրելու ու արարելու արժանապատիվ պայմաններ ստեղծել։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է բնակարանաշինության և կրթական ոլորտներում, ինչպես նաև պատերազմի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կենսական նշանակությունը՝ հույս հայտնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am