Financial Times-ն անդրադարձել է Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարությանը

Armenpress 15:20, 16 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Financial Times թերթը, հոդվածում վերլուծելով աֆղան փախստականների խնդիրը, անդրադարձել է նաև  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կողմից աֆղան փախստականներին չընդունելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ երկրի տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով փոխվել է փախստականների վերաբերյալ երկրի բնակչության վերաբերմունքը, ինչն էլ վատ է անդրադարձել Թուրքիայի իշխող ուժի և առաջնորդի հեղինակության վրա:

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել էր աֆղան փախստականների խնդրին:

Էրդողանը նշել էր, որ Թուրքիան ի վիճակի չէ կրել այդ նոր միգրացիոն բեռը:

Նա ընդգծել էր նաև, թե ոչ ոք չի կամենում, որ Աֆղանստանի փախստականների պարագայում լինի այն, ինչ եղավ 2015թ․սիրիացի փախստականների ալիքի դեպքում:

Էրդողանը աֆղան փախստականներին չընդունելու վերաբերյալ արել է նաև մի քանի այլ հայտարարություններ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս նախորդ ամիս մի քանի անգամ հայտարարել է, թե Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղան փախստականներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am