Խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, կլինի առնվազն 2 աշխատակից

Armenpress 12:20, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվող համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Իհարկե չենք փակում: Բոլոր համայնքապետարաններում առնվազն 2 աշխատակից կլինի՝ մեկը վարչական ղեկավար, մյուսը՝ օպերատոր: Իսկ խոշոր համայնքներում կլինեն 2-ից ավելի աշխատողներ, դա կորոշի համայնքապետն ու ավագանին»,- անդրադառնալով համայնքներից հնչող մտահոգություններին, թե արդյոք փակվելու են համայնքապետարաններն՝ ասաց նա:

Դիտարկմանն՝ արդյոք բյուջեն հավասարաչափ կբաշխվի, Սանոսյանը համոզմունք հայտնեց, որ բյուջեն ոչ միայն արդար, այլ նաև խելամիտ կբաշխվի: Այս խոշորացումը մեծ փուլ է, սակայն, Սանոսյանի համոզմամբ, վարչատարածքային բաժանումը երբեք ավարտ չունի՝ ոչ մի երկրում:

Անդրադառնալով քննարկումներին՝ հետպատերազմյան վիճակում սահմանամերձ շրջաններում ճի՞շտ է խոշորացում անել, ասաց.

«Պատերազմը ցույց տվեց, որ պատերազմից առաջ արդեն իսկ խոշորացված մեր համայնքներն իրենց շատ լավ դրսևորել են: Օրինակ, Գեղարքունիքում՝ Ճամբարակը, Շողակաթը»

Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am