Հայ-գերմանական հարաբերություններում էական առաջընթաց է գրանցվել. Փաշինյանը շնորհավորել է Մերկելին Ազգային տոնի առթիվ

Armenpress 10:56, 3 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

31 տարի առաջ այս օրը պատմության մեջ շրջադարձային էր: Գերմանիայի ժողովուրդն օգտվեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքից՝ խաղաղ ճանապարհով հասնելով վերամիավորման:

Լինելով կայուն ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր` Գերմանիան շարունակում է մնալ միջազգային հանրության կարևոր և վստահելի անդամ:

Մենք մեծապես արժևորում ենք Գերմանիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և մի շարք այլ ոլորտներում:

Ուրախ եմ փաստել, որ այս ուղղությամբ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել:

Լիահույս եմ, որ հետևողական քայլերով առավել կամրապնդենք հայ-գերմանական բարեկամական կապերը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am