Արմեն Սարգսյանն ու Սերջո Մատարելլան քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Armenpress 16:57, 6 Հոկտեմբեր, 2021

ՀՌՈՄ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր գործընկերոջ՝ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ հանդիպմանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին իր գնահատականը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակել աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Հռոմից։

«Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը։ Մեծապես գնահատում ենք Իտալիայի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ՌՕՔԵՄՓ (Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոն) ծրագրին աջակցությունը և այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը՝ և Հայաստանում, և այլուր», - ասաց Արմեն Սարգսյանը:

Հայաստանը շնորհակալ է բարեկամ Իտալիային՝ մարդու իրավունքների հարցերում նրբազգացություն դրսևորելու համար։ Արմեն Սարգսյանի խոսքով, Հայաստանը բարձր է գնահատում մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

«Ողջունում ենք նաև Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը՝ ի պաշտպանություն Արցախի և նրա ժողովրդի։ Կարևորում ենք հրադադարի հաստատումից հետո իտալացի մասնագետների առաքելության մասնակցությունը հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման գործընթացին, ինչպես նաև՝ անմիջական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ»,- նշեց Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահը պետական այցով Իտալիայում է։ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 17-ին: Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am