Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը. ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը

Armenpress 21:48, 14 Հոկտեմբեր, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», համաձայն որի, իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Արցախի Հանրապետության արևելյան հատվածում (գ. Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ակնկալելով անաչառ հետաքննություն՝ ԱՀ ՊԲ հրամանատարությունը նաև հայտարարել է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am