ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը

Armenpress 19:37, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը: Արարատ Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարբեր հարթակների, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը: 

«Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանն առաջնահերթ ընդգծել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման հարցը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am