Արվեստի նմուշներ, ձեռագործ իրեր. Գլենդելում կանցկացվի Հայկական փառատոն

Armenpress 10:32, 29 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդել քաղաքում՝ Արցախ-Բրոդվեյ փողոցների խաչմերուկում, կանցկացվի Հայկական փառատոն, որի ընթացքում կներկայացվի հայկական մշակույթն ու արտադրանքը:  Փառատոնը կազմակերպում է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի հյուպատոսությունը հայտնում է, որ դեկտեմբերի 11-ին կայանալիք Հայկական փառատոնին ներկայացվելու է Հայաստանից ԱՄՆ ներմուծվող, ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների կողմից արտադրվող ապրանքները, ԱՄՆ-ում գործող հայկական ընկերությունների ծառայությունները, հայկական կազմակերպությունների գործունեությունը: Ներկայացված կլինեն Հայաստանում, Արցախում, Կալիֆոռնիայում հայկական կազմակերպությունների բարձր տեխնոլոգիական ապրանքներ, տնտեսական արտադրանք, արվեստի նմուշներ, ձեռագործ իրեր, սնունդ և խմիչք:

Փառատոնն անցկացվելու է առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան ժամը 22:00-ն, ակնկալվում է 20 հազարից ավելի այցելու:  Հայկական փառատոնի նպատակն է ամերիկյան հանրությանը լայնորեն ներկայացնել հայկական արվեստն ու մշակույթը՝ ընդգծելով հայ ժողովրդի ստեղծագործ կերպարը։

Ցուցահանդեսն ուղեկցվելու է հայկական մշակութային ծրագրով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am