Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Նորվեգիայի դեսպանն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում

Armenpress 13:23, 1 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մանրամասնելով, որ կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն  ու կայունությանը՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում:  Ալեն Սիմոնյանը շեշտել է  Ադրբեջանում  պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական  անձանց հայրենադարձման առաջնահերթությունը:

Նշվում է, որ զրույցի առանցքում են եղել նաեւ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին  վերաբերող թեմաներ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am