Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Վրաստանի ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակությունը

Armenpress 12:12, 4 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով 2021 թվականի նոյեմբերի 4-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ այցի նպատակն է որակական նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով միջդատարանական համագործակցության խորացմանը։

Պաշտոնական այցի շրջանակներում տեղի կունենան առանձնազրույց՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանադրական դատարանների նախագահների միջև, ընդլայնված կազմերով մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am