ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ ստեղծելու մասին նախագիծը

Armenpress 10:39, 17 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծին 56 պատգամավոր «կողմ» է քվեարկել, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0։

Նախագծով՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները կընդլայնվեն սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման միջոցով:

Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները եւ համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաեւ աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:

Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ: Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության վերոհիշյալ ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ից բոյկոտել են նիստը և չեն մասնակցում քննարկումներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am