Մենք իրական ժամանակում ականատեսն ենք դառնում Ալիևի կողմից տարածքների զավթման փորձի. ԱՄՆ կոնգրեսական

Armenpress 21:30, 17 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Հայաստանի արևելյան սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները Ալիևի ռեժիմի կողմից տարածքներ զավթելու հերթական ապացույցն է համարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները ևս մեկ նշանն են այն բանի, թե որքան հեռուն կարող է գնալ Ալիևի ռեժիմը՝ զավթելու հայկական տարածքները և տարածելու բռնություն ու ատելություն: Մենք իրական ժամանակում ականատեսն ենք դառնում Ալիևի կողմից տարածքների զավթման փորձի: Պետք է գործենք հիմա՝ կանխելու հետագա արյունահեղությունն ու ապակայունացումը»,- գրել է կոնգրեսականը:

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ 

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am