ՌԴ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար. Փաշինյան

Armenpress 11:15, 18 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ 3 առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից, և երեքն էլ մեզ համար, ըստ էության, ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ: Երեկ իմ հայտարարություններից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Եվ ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկները մեզ համար ընդունելի են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ՌԴ գործընկերոջ հետ ճշտել մանրամասները, որպեսզի փորձեն իրագործել առաջարկները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am