Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Սեյմասի փոխնախագահը՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակին

Armenpress 19:39, 18 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի կարեւոր գործընկերներից է:

«Ռուբեն Ռուբինյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքի մասին` այն որակելով ագրեսիա Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ:

Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ կողմ է ռազմական ուժի բացառմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Անդրիուս Մազուրոնիսը տպավորիչ է գնահատել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները: Նա ընդգծել է, որ Լիտվան եւս անցել է այդ ճանապարհով եւ կարող է կիսվել իր փորձով:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ խորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am