Մեր ժողովուրդները ճակատագրական պահերին սատարել են միմյանց, այսօր էլ պայքարում են հանուն արդարության. ՀՀ նախագահը շնորհավորել է Լիբանանի նախագահին

Armenpress 16:31, 22 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնց հիմքում մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու անկեղծ համակրանքն են, մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և փոխադարձ վստահությամբ: Մեզ հաջողվել է համատեղ ջանքերով ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ գործակցություն միջազգային ատյաններում, զարգացնել մշակութային, կրթական և գիտական շփումները:

Մեր ժողովուրդները ճակատագրական պահերին սատարել են միմյանց, կիսել վիշտն ու ուրախությունը, պայքարել և այսօր էլ միասնաբար պայքարում են հանուն արդարության, համամարդկային իրավունքների և արժեքների վերականգնման ու պահպանման:

Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ: Որպես Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ հայ համայնքի ներկայացուցիչները լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական ու մարզական ոլորտներում և իրենց գործունեությամբ զգալիորեն նպաստել և շարունակելու են նպաստել Լիբանանի զարգացմանը և առաջընթացին:

Մեր երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությունը:

Վստահ եմ, որ միասնական ջանքերով կընդլայնենք և կամրապնդենք երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Լիբանանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am