Արցախի ՄԻՊ-ը հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական ապօրինի հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել

Armenpress 17:18, 23 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են պաշտպանի աշխատակազմից, մանրամասնելով, որ զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, ինչը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում է։

«Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետևանքով 3 անձ (մեկը քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 անձ՝ (քաղաքացիական) 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերը գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։

Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։ Սակայն այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am