ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Նիկոլ Փաշինյան

Armenpress 19:11, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Սոչիում ընթացող Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունների շրջանակում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մինչ այդ Ադրբեջանի նախագահի արտահայտած այն մտքին, որ հարկավոր է խաղաղ բանակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Իհարկե, մենք նույնպես հետաքրքրված ենք դրանում և մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Բայց ես կարծում եմ, որ շատ հարցեր կարելի է և պետք է քննարկել և լուծել եռակողմ ձևաչափով, երկկողմ ձևաչափերով: Պետք է ասեմ, որ արդեն ուրվագծվում են նաև ուղիղ շփումներ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց միջև, և ես կարծում եմ, որ ոչ այնքան լավ և ոչ այնքան դրական նրբերանգների լույսի ներքո այդ նրբերանգները նույնպես հարկավոր է ընդգծել», - նշեց Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ ընթացող հանդիպման գլխավոր նպատակը, իր կարծիքով, ոչ միայն գոյություն ունեցող խնդիրները բարձրաձայնելն է, այլև դրանց լուծման ուղիներ փնտրելը:

«Գլխավորն այն է, որ մենք այսօր կարողացանք, որքան հնարավոր է, գալ կոնկրետ լուծումների տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իրադրության կայունացման ուղղությամբ, որովհետև մարդկանց խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը մեր պատասխանատվությունն է», - շեշտեց  Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am