Հայոց ցեղասպանության թանգարանի գրադարանը համալրվել է հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնիի անձնական գրքերով

Armenpress 15:22, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գրադարանը համալրվել է հրեա ցեղասպանագետ, «Encyclopedia of Genocide» երկհատոր հանրագիտարանի խմբագիր Իսրայել Չարնիի անձնական գրադարանի ավելի քան 50 միավոր գրքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Գրքերը Ֆրանսիայից Հայաստան է բերել բժիշկ Վիգէն Կարապետեանը, որոնք նրան էր փոխանցել Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:

2011 թվականին Իսրայել Չարնին արժանացել էր Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի՝ «Ի ճանաչումն տասնամյակների ակադեմիական աշխատանքի և ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտման հետ կապված հետազոտական գործունեության»: Դեռևս 2013 թվականին Իսրայել Չարնին իր անձնական գրադարանից շուրջ 700 միավոր ցեղասպանագիտական գրականություն էր նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանին, իսկ 2015 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել էր Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ, որտեղ և տեղ են գտել նրա անձնական գրադարանի գրքերը:

Նվիրաբերված հարուստ գրականությունը հնարավորություն կընձեռի լուրջ գիտական հետազոտություններ իրականացնել հրեական Ողջակիզման, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրության ոլորտներում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am