ՌԴ խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղ

Armenpress 10:44, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը: Նախօրեին մարդասիրական բեռը հավաքվել էր Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել էր Երևան, որտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի շարասյան կազմում հասցվել էր Ստեփանակերտ:

Հումանիտար օգնության շրջանակում 5 հազար երեխայի համար նախատեսված են ամանորյա խաղալիքներ, գույք՝ մանկապարտեզների համար, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկներ, դպրոցական պարագաներ:  Խաղաղապահները կհամակարգեն ու ապրանքները հասցեական կբաշխեն:

Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի համատեղ հայտարարությամբ սահմանված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ռեժիմ է սահմանվել Լեռնային Ղարաբաղում:

Լեռնային Ղարաբաղում հրադադարը  վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am