ՀՀ ԱԳ նախարարը և  Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհրդի նախագահը քննարկել են հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներ

Armenpress 19:27, 21 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը՝ հիմնված երկու երկրների և ժողովուրդների միջև փոխվստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա։ Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխշփումների շարունակական ակտիվացումը, կրթության ու գիտության, մշակույթի և մի շարք այլ որոլտներում համագործակցության առավել զարգացումը։ Զրուցակիցներն ընդգծել են ապակենտրոնացված համագործակցության դերը, այդ թվում՝ Երևանի ու Իլ-դը-Ֆրանս շրջանի միջև՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման կարևոր բաղադրիչ:

«ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հարաբերությունների զարգացման առաջնահերթություններից է առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել ընդլայնումը, որի ուղղությամբ կարևոր քայլ էր վերջերս Ֆրանսիա այցի ընթացքում ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ Վալերի Պեկրեսի գլխավորությամբ Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020թ. նոյեմբերին ընդունած բանաձևի, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների համար ֆինանսական օգնություն հատկացնելու համար։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am