Օտարերկրյա պետություններում արդեն կան սփյուռքի գործերի հանձնակատարների որոշ թեկնածուներ․ Սինանյան

Armenpress 21:20, 23 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատարների նշանակումներ դեռ չեն արվել, սակայն արդեն իսկ կան թեկնածուներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր  տարեկան ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով վերջերս ընդունված օրենքի նախագծին, որով ներդրվել է սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ:

«Մենք չունենք դեռ նշանակված հանձնակատարներ, ունենք թեկնածուներ: Այս պահին պլանավորման փուլում ենք, թե աշխարհագրականորեն ինչպես բաժանենք երկրները կամ տարածքները, որպեսզի մեր նպատակին հասնենք»,-ասաց Սինանյանը:

Անդրադառնալով նպատակին՝ նա նշեց, որ հանձնակատարի գրասենյակը փոքր մարմին է, այն շատ ավելի փոքր է, քան նախարարությունն էր, եթե նույնիսկ երբևէ հասնեն նախարարարության աշխատակիցների քանակին՝ 90 և ավելի, միևնույն է, դա բավարար չի լինելու լիովին, արդյունավետ, ճիշտ ժամանակին և խորապես համագործակցելու 7 մլնից ավել սփյուռքի հետ:

«Այդ թիվը չի ապահովում այն որակային հնարավորությունները,  որոնք մենք կարող ենք ապահովել, եթե տեղում ունենանք ներկայացուցիչներ: Հետևաբար, ունենալով հանձնակատար համայնքում, մենք  կարող ենք տեղում ապահովել ներկայություն, անձ, որը զբաղվելու է Հայաստան-սփյուռք գործակցությամբ, որը լինելու է ազդեցիկ անձնավորություն, ընդունելի՝ համայնքի մեծամասնության կողմից: Լինելու են մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել, աջակցել մե, ամրապնդել Հայաստան-սփյուռք կապերը»,-ասաց Սինանյանը:

Ըստ նրա՝ հանձնակատարները ինչ-որ չափով բեռնաթափելու են դիվանագիտական ծառայության պարտավորվածությունները, որպեսզի դիվանագետներն ավելի շատ զբաղվեն դիվանագիտությամբ, իսկ համայնքային հարցերով, սփյուռքով զբաղվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

 Օտարերկրյա պետություններում նախատեսվում է հասարակական հիմունքներով նշանակել սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ խորհրդականի կարգավիճակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am