ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Armenpress 19:06, 13 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 13-ին ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար,  գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում:

«Կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:

           

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am