Մահացել է բանաստեղծ Մերուժանը

Armenpress 11:51, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 82-րդ տարում մահացել է բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը, որին հանրության լայն շրջանակը ճանաչում է Մերուժան գրական անվամբ:

«Արմենպրես»-ին գրողի մահվան մասին լուրը հայտնեց Մերուժանի ընտանիքի մերձավորներից մեկը:

Մերուժանը ծնվել է 1940 թվականի հունիսի 13-ին Էջմիածնում: Եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ազատ ունկնդիր, ապա սովորել է Երևանի պետական համալսարանում: Եղել է «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) խորհրդի անդամ։ Մերուժանի բնակարանում տեղի են ունեցել «Հայ երիտասարդների միության» մի շարք հավաքներ։ 1963 թվականի ընդլայնված հավաքին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ և ընտրվել է ՀԵՄ 7-հոգիանոց խորհուրդը (նույնպես տեղի է ունեցել Մերուժանի բնակարանում)։ Եղել է կազմակերպության ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Ընդհատակյա տպարան հիմնելու համար տպատառեր և տպագրական հաստոցի մասեր հայթայթելու գործը նա է հաջողել, կարողացել է գրամեքենաներ ձեռք բերել։ Եվրոպական հայալեզու մամուլում տպագրելու նպատակով մի շարք ստեղծագործություններ է ուղարկել արտերկիր։

1963 թվականի դեկտեմբերի 29-ին կալանավորվել է, դատապարտվել է 5 տարի ազատազրկման։ Դրսևորած ըմբոստ վարքի պատճառով ավելի է խստացվել նրա ռեժիմը, և քաղկալանավորների համար նախատեսված մորդովական խիստ ռեժիմի կալանավայրերից Մերուժանին տեղափոխել են Վլադիմիրի բանտ:

Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան: Պահպանել է իր կապերն այլախոհական շրջանակների հետ։ Նա գրել, ապա ինքն էլ բազմացրել է «Հայկական դատի 85 տարին» հոդվածը, որը հետագայում նախաքննության կողմից որակվել է որպես խիստ հակախորհրդային ու դրվել Մերուժանին առաջադրված մեղադրանքների հիմքում։

1968 թվականին մասնակցել է Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամների հրատարակած «Երկունք» թռուցիկի երկրորդ համարի նախապատրաստման աշխատանքներին։ Մասնակցել է նաև այդ թռուցիկի առաջնորդող՝ «Հայաստանն ապագայում» վերնագրով հոդվածի մշակման աշխատանքներին, որը, սակայն, ԱՄԿ-ականների ձերբակալման պատճառով չի հրապարակվել։ Հետագայում դատապարտվել է ևս մեկ անգամ։ Այս դատապարտումը, սակայն, չի առնչվել հասարակական-քաղաքական գործունեությանը: 1982 թվականին կրկին ձերբակալվել է նույն մեղադրանքով, դատապարտվել 14 տարվա ազատազրկման։ 1992 թվականին վաղաժամ ազատվել է կալանքից և արդարացվել:

2000-2003 թվականներին եղել է «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, 2003 թվականից՝ «Հարթակ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։

Հեղինակ է «Լուսամփոփ», «Ընթացք», «Վերջալույսի խոհեր», «Խոսքեր հրաժեշտից առաջ», «Մորմոքի պսակներ», «Ընտրանի», «Մեներգ», «Վլադիմիրի բանտում» գրքերի ու հուշագրությունների հեղինակ է ։

Մերուժանի գործերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն:

«Արմենպրես»-ի աշխատակազմը ցավակցում է հանգուցյալի հարազատներին, մերձավորներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am