Պրոֆեսիոնալ և զանգվածային սպորտի կարիք Արցախը շատ ունի. Արտակ Բեգլարյանն ընդունել է Նազիկ Ավդալյանին և Մարիաննա Մամյանին

Armenpress 15:09, 8 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 8-ին ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ԼՂՀ սպորտի և սպորտային պարերի միության նախագահ և պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանին ու քարտուղար Սաթի Աթոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, քննարկվել են Արցախում սպորտի զարգացման ու սպորտային պարերի հանրայնացման հետ կապված որոշ հարցեր, երկուստեք ընդգծվել է մարզական կյանքն աշխուժացնելու անհրաժեշտությունը:

«Պրոֆեսիոնալ և զանգվածային սպորտի կարիք Արցախը շատ ունի, և ես համոզված եմ, որ հետևողական ու ինստիտուցիոնալ աշխատանքի միջոցով կարող ենք հասնել մարզական նորանոր հաջողությունների և՛ միջազգային, և՛ ներքին հարթակներում: Այդ առումով կարևորում եմ Հայաստանի Հանրապետության պրոֆեսիոնալ շրջանակների հետ շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը»,-նշել է Արտակ Բեգլարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը հավաստիացրել են, որ իրենք պատրաստակամ են հնարավորինս աջակցելու Արցախում սպորտի և սպորտային պարերի զարգացման ջանքերին:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am