«Զուլալի» հայկական ֆիլմն ընդգրկվել է «Նիկա» մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում

Armenpress 11:11, 9 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության նոմինանտ` «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

Գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը պատմում է դաժան ճակատագրի, ցավի ու սիրո մասին։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Տավուշի մարզում: Հերոսները խոսում են տեղի բարբառով։

Կինոնկարում նկարահանվել են Հերմինե Ստեփանյանը, Մարինե Պետրոսյանը, Արտյոմ Մելիքյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Քրիստինա Հովակիմյանը և այլք:

«Զուլալին» նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի համաֆինանսավորմամբ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am