Միշտ էլ մեր ունեցվածքի վրա աչք են ունեցել. Արցախի թեմի առաջնորդն՝ Ադրբեջանի կողմից իրագործվող վանդալիզմի մասին

Armenpress 10:47, 16 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական իշխանությունները շարունակում են Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային հուշարձանների, հայկական եկեղեցիների ոչնչացման գործընթացը՝ բացահայտ ստելով, թե եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են: Ադրբեջանի կառավարության կարծիքով` «հայերը հետքեր են թողել ադրբեջանական հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն», ու նույնիսկ պետական մակարդակով աշխատանքային խումբ են ստեղծել, որը, փաստորեն, կզբաղվի պատմությունը կեղծելով:

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցանկանում է այցելել Արցախ, Բաքվում ստեղծվեց պետական հանձնաժողով՝ պատմությունը կեղծելու ու ցույց տալու, որ Արցախում, իբր, հայկական հուշարձաններ չկան:

Արցախի օկուպացված տարածքների հայկական պատմաճարտարապետական հուշարձանների կորստի վտանգի առնչությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր մտահոգությունները հայտնեց, նշելով, որ այս փուլում բողոքի ձայն են բարձրացնում տարբեր հարթակներում.

«Հիմա ուրիշ ի՞նչ պիտի կարողանանք անել: Այն, ինչ-որ ադրբեջանցիները հիմա անում են մեր մշակութային ժառանգության հետ, մեզ համար նորություն չէ: Միշտ էլ, որպես քոչվոր ազգ, մեր ունեցվածքի վրա աչք են ունեցել: Այսօր էլ նույնը շարունակվում է:  Պիտի խելքի գանք, որ հասկանանք՝ ինչպես պահել մեր ժառանգությունը: Ուրիշն ինչո՞ւ պիտի գա ասի՝ ես եկել եմ պահեմ: Ադրբեջանի ղեկավարությունն իր մտադրությունները, ծրագրերն արդեն պատրաստում է, նրանք գիտեն իրենց ազգային մշակութային ռազմավարությունը: Անկախ նրանից, թե արտաքին դիվանագիտական, կրոնական ինչ հանդիպումներ են լինում, իրենք կա՛մ կրավորական դիրք են բռնում, կա՛մ ասում են՝ կմտածենք: Արդյունքում անում են այն, ինչ ծրագրել են»:

Մշակութային ժառանգության պահպանման հարցի շուրջ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ կրոնական մեկ հանդիպում տեղի է ունեցել 2021թ. հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում:  Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այս հանդիպմանը բարձրաձայնեց մասնավորապես Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ճակատագրի հարցը: Հույս կար, որ այն կպահպանվի: Այսօր ադրբեջանցիների ախորժակն այնքան է մեծացել, որ ցանկանում են զավթել Արցախի օկուպացված տարածքների բոլոր մշակութային կոթողները:

Սրբազանի խոսքով՝ ադրբեջանցիների համար այդ հանդիպումները ոչինչ են, նրանք անտեսում են նույնիսկ տարբեր միջազգային կազմակերպությունների կոչերը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի:

«Իրենք իրենց գործն են անում, իրենց ձեռագիրը չեն փոխում, որը պետք է ՝ քանդում են, փոխում են, որը պետք է՝ ոչնչացնում: Մենք չենք կարողանում մեր գերիներին վերադարձնել. պատերազմը ե՞րբ է ավարտվել, մարդիկ Բաքվում կենդանի հուշարձաններ են դարձել, չգիտես, թե ինչ ֆիզիկական եւ հոգեւոր տանջանքների են ենթարկվում: Ամբողջ աշխարհն ասում է՝ բա՛ց թողեք գերիներին, իրենք չեն թողնում»,-ասաց տեր Վրթանեսը:

Շեշտում է՝ նման իրավիճակում պետք է ինքներս մեզ ապավինենք: Արցախի իշխանություններն, ըստ նրա, ամեն ինչ անում են ադրբեջանական կողմի այս վայրագությունները կանխելու համար:

«Պետք է խելք հավաքենք, ճիշտ աշխատենք մեր ազգային, կրոնական ինքնությունը պահպանելու համար: Մեր հայրերի ստեղծածն է, որ թողել են մեզ որպես ժառանգություն: Անփույթ ենք գտնվել, չենք կարողացել պահել, հիմա էլ ստանում ենք այն, ինչ ստանում ենք: Ես չեմ կարող վստահաբար ասել, որ Շուշիի եկեղեցին կպահպանվի: Ձեր նշած եռակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմն ասաց՝ իտալացի մասնագետներ են եկել վերանորոգման համար: Բայց մենք գիտենք, տեսել ենք, թե ադրբեջանցու կողմից վերանորոգում հասկացությունն ինչ է նշանակում. մեր դաշտային Արցախը, Նախիջեւանը նայենք՝ ոչինչ չի մնացել, ամբողջն ավիրել են: Այսօր պետք է մեր ազգն ինքն իր հետ «պայմանագիր» կնքի  այն մասին, որ այլեւս տալու բան չունենք թշնամուն: Եթե ամեն մարդ իր մեջ նման հստակ որոշում կայացնի, դա կդառնա ազգային դաշինք, ազգի հետագա ճակատագիրն ու անվտանգությունը կարգավորելու «փաստաթուղթ»: Եթե չանենք, կմնանք այսպես բզկտված»,- եզրափակեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը:

Լիանա Սարգսյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am