Թուրքիան դատապարտել է ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը

Armenpress 13:52, 22 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչելու վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունից:

«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, հակասում է Մինսկի պայմանավորվածություններին և նաև ներկայացնում է Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ռուսաստանի Դաշնության որոշումն անընդունելի է, և մենք մերժում ենք այն»,- հավելված է  հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքիան վերահաստատում է իր հանձնառությունը Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել ողջախոհությամբ և պահպանել միջազգային իրավունքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am