Դոնեցկից դուրս եկող հայեր կան, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ

Armenpress 15:00, 24 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Դոնեցկում  բնակվող որոշ հայեր դուրս գալու ցանկություն են հայտնել, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ներկայացուցչության նախագահ Վահագն Մաթևոսյանը:

«Տարհանման պլանն իրականում մենք պատրաստել ենք դեռ շաբաթներ առաջ: Կոնկրետ Դոնեցկի մարզից այն հայերը, որոնք դուրս գալու ցանկություն են հայտնել, գնացել են: Եղել են հայեր, որոնք ցանկացել են դուրս գալ, փոխադրամիջոց չեն ունեցել, մենք այդ հարցում աջակցել ենք: Ասեմ, որ շատ մեծ զանգված նախընտրում է մնալ Դոնեցկում, իրենց տներից չեն ցանկանում դուրս գալ»,-ասաց Վահագն Մաթևոսյանը:

Նա տեղեկացրեց, որ ինչպես Ուկրաինայի տարբեր հատվածներում, Դոնեցկում նույնպես բանկերում, բանկոմատների, դեղատների մոտ հերթեր են: Մարդիկ չեն կարողանում կանխիկացնել իրենց գումարները: Հերթեր են նաև գազալցակայաններում:

«Քաղաքում կրակոցների ձայներ լսվում են, զգացվում է, որ ծանր հրետանի է աշխատում, սակայն կդժվարանամ ներկայում մանրամասն տեղեկություններ հաղորդել: Միայն կասեմ, որ հայերի շրջանում վիրավորներ չկան»,-ասաց Վահագն Մաթևոսյանը: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am