Կառավարությունը կաջակցի անասնաբուծության ոլորտում ներդրումային ծրագրերին. նպատակն է գյուղատնտեսական խոշոր համալիրներ ունենալը

Armenpress 13:04, 3 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մեկնարկում է փորձնական ծրագիր՝ աջակցելու Հայաստանում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է տավարաբուծության, խոզաբուծության, թռնչաբուծության ուղղություններին:

«Խթանելու ենք գյուղատնտեսական խոշոր ծրագրերն անասնաբուծության ոլորտում: Տավարաբուծության, խոզաբուծության, թռնչաբուծության ուղղություններում մեր ինքնաբավության մակարդակը բավական ցածր է և մենք կարիք ունենք ձևավորելու գյուղատնտեսական խոշոր համալիրներ»,-ասաց  նախարարը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է խոշոր ներդրումային ծրագրերի ներքո արված կապիտալ ծախսերի մինչև 35 տոկոսի փոխհատուցում հինգ տարվա ընթացքում, որը կվերահսկվի խոշոր քառյակի աուդիտորական ընկերությունների կողմից: Այն կերաշխավորի այս ծրագրերի իրագործման արդյունավետությունը:

«Արդյունքում, մենք պլանավորում ենք, որ գյուղատնտեսության արտադրողականությունն էապես կբարեկավվի և մենք կունենանք խոշոր գյուղատնտեսական համալիրներ, որոնք կապահովեն բավարար չափով պարեն»,-ասաց  նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ տվեց մարզպետներին: Նա հանձնարարեց մանրամասն դիտարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բոլոր աջակցման ծրագրերը, լայն իրազեկման աշխատաքներ կատարել գյուղերում՝ ներկայացնելով, թե ինչ զարգացման հնարավորություններ կան:

«Կոնկրետ այս ծրագիրը լավ հնարավորություն է: Մենք փաստորեն, 35 տոկոս զեղչ ենք տալիս ներդրումներին: Մեկ միլիարդ ներդրեց, 350 մլն հետ կստանա ծրագիրը գործակելու պահից 5 տարվա ընթացքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am