Ստեղծված տնտեսական իրավիճակին դիմակայելու համար ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել Հայաստանին

Armenpress 14:30, 11 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Նախարարն իր խոսքում  կարեւորել եւ բարձր է գնահատել  ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաեւ՝ կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Տիկին Փիթրս Յահիան իր հերթին եւս ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլեւ՝ շատ ակտիվ անդամ: Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին ստեղծված  տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am