Նախարար Մկրտչյանն ԱՄՆ-ում ներկայացրել է տեղահանված արցախցիների աջակցության սոցիալական ծրագրերը

Armenpress 16:17, 24 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու-Յորքում անցկացված ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով՝  ներկայացնելով Արցախից տեղահանված բնակիչներին ուղղված ծրագրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախարար Մկրտչյանը նշեց, որ ներկայացրել է, թե Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ինչպիսի մարտահրավերների առաջ են կանգնել արցախցիները:

«Արցախցից ավելի քան 90 հազար տեղահանվածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են, որոնք ընդգրկվել են տարբեր աջակցության ծրագրերում: Ներկայացրել եմ սոցիալական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված աշխատանքները: Խոսել եմ նաև այն մասին, թե ինչ անելիքներ կան, որ կարողանանք նրանց համար արժանապատիվ պայմաններ ապահովենք»,-ասաց Նարեկ Մկրտչյանն՝ ավելացնելով, որ դեռ բավական անելիքներ կան այս ուղղությամբ:

Արցախից տեղահանվածների զգալի մասը վերադարձել է, սակայն Հայաստանում դեռ բավական թվով մարդիկ կան, որոնք աջակցության, արժանապատիվ պայմանների կարիք ունեն: Հատկապես շարունակում է խնդիր մնալ կացարանի հարցը: Քանի դեռ Արցախում բնակապահովության հարցը չի լուծվել, նրանք շարունակելու են մնալ Հայաստանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am